ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԿՈՂԲԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ

«Պլեներ-սիմպոզիում» (Posted on 11/30/11)

Արդեն 8-րդ տարին է Կողբի գեղարվեստի դպրոցը անց է կացնում մեկամսյա պլեներ-սիմպոզիում, որին մասնակցում են գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները նաև նկարիչներ Հայաստանի տարբեր վայրերից: Առօրյան հագեցած է լինում ստեղծագործական աշխատանքով: Կազմակերպվում են նաև արվեստի դասընթացներ և քննարկումներ: Հաճախակի հյուրընկալվում են հայտնի արվեստագետներ, որոնք իրենց այցով ոգևորում են մասնակիցներին:Մեկամսյակի ընթացքում իրականացվում են բնապահպանական ակցիաներ: Միջոցառման ավարտին բացվում է մասնակիցների աշխատանքների բացօդյա ցուցահանդես: Արվեստասերները և այլ հետաքրքրված անձինք մեկամսյակի ընթացքում կարող են այցելել պլեների տարածք:

ՄՈՒՏՔԻ ԳԵՂԱՆԿԱՐ ԳԻՐԸ ազդարարում էր՝ Կողբի գեղարվեստի դպրոց

435 դիտումներ

Կարմիր վրանները համատարած կանաչ համայնապատկերին մի քիչ տարօրինակ տպավորություն էին թողնում, բայց քիչ հետո այդ ամենը դարձավ սովորական:

Փոքրիկ բնակավայրը  բնակիչներին սպասում էր իր «կենտրոնական» փողոցով, մյուս թաղամասը տանող «կամրջակով», բացօթյա ճաշարանով, բաղնիքով, խոհանոցով և այլ անհրաժեշտություններով:

Աղջամուղջին բոցավառվեց խարույկը, որի շուրջ դրված նստարաններին տեղավորվեցին տարբեր տարիքների երեխաներն ու պատանիները:

-Ես էն  երկրի հողին մեռնեմ…

Ռուբենի հրաշալի ձայնով սկսվեց խարույկների սեզոնը և ավարտվեց առաջին օրը:

ԱՇԽԱՏԱՆՔԸ

Բոլորդ էտյուդներ անելու եք գնում,-հիշեցնում է Աննան,   ում ամենատես աչքից ոչինչ չի վրիպում:

Նա կարգ ու կանոնի սահմանողն էր,  աչալուրջ հետևողն ու պահպանողը: Դիտողությունն էլ ժպիտով ու ցածրաձայն էր անում և դա չէր խանգարում, որ նրա կարգադրությունները կատարվեն արագ և ճշգրիտ: Աննայի կտավները իր նման լուսավոր են:

Նույնքան լուսավոր ու լավն են Արուսյակի կտավները: Նրա նկարներով հիանում են, նրանից սովորում են, միակ դժգոհն ինքն է: Կարծում էր,  որ պիտի ավելին աներ:

Նախաճաշից հետո բոլոր նկարիչները՝ հանրապետության տարբեր բուհերի գեղարվեստի բաժինների շրջանավարտներ և ուսանողներ,  նաև՝ գեղեցիկի աշխարհը նոր ոտք դնողներ, բոլորն էլ Կողբի գեղարվեստի դպրոցի նախկին և ներկա սաներ, ցրվեցին գեղանկար անելու բնության տարբեր անկյուններում: Խոխոջուն ու մաքրաջուր գետակի մյուս ափին լճակներն էին  ձկներով, լճափի ծաղկունքով ու ջրում արտացոլվող սլացիկ ծառերով:

Օրեր հետո այդ ամենը հայտնվեց վարպետորեն կատարված կտավներում: Ու թե լճակներն իրենց շրջակայքով նկարչագեղ վայրեր էին՝  ապա ավագ Ռուբենի համար ձկնորսական բախտի համբերության փորձաքարն էին:

Ռուբենը շատ քիչ էր նկարում, և ընկերները, իսկ ավելի շատ ընկեր Կարոն, շատ էին ափսոսում դրա համար: Տղան տաղանդավոր էր երկու արվեստում էլ՝   նկարելու և երգելու: Ընդունվել էր Երևանի պետական   համալսարանի կիրառական արվեստի բաժին, բայց վճարը մուծել չկարողանալու պատճառով թողել էր համալսարանը:

Սիրված շատ երգերի հետ ամենօրյա,  «սեղանի»  երգերն էին «Ես էն երկրի…»  և «Գինի լից»-ը՝ Թեհլերյանի սխրանքը գովաբանող երգը:

Երկինք միտող խարույկի բոցեղեն լեզվակների նման բոցեղեն՝ այս երգերը կատարվում էին խրոխտաբար, մեծագույն սիրով ու հպարտությամբ: Թե կային «սեղանի» երգեր,  կային և  «սեղանի» պարեր՝ «Յարխուշտա» և «Քոչարի»:

-Գնացինք,  աշխույժ, հպարտ, գլուխներդ  բարձր,-  Արուսյակի ձայնը,  ճեղքելով  երաժշտությունը, հասնում  է   պարողներին: Սիրված պարերը  նոր թափ  են առնում:  Զվարճությունը, սակայն, նաև հոգնությունը թոթափելու միջոց էր:

Զարմանալի էր ուղղակի. թե Արուսյակի , Սաթենիկի, Ալինայի  և  մյուսների  նման  փխրուն աղջիկներն ինչպես էին անտրտունջ տանում իրենց ծանր բեռը: Հեռուներից վերադառնում էին հոգնած, սակայն երջանիկ: Կատարած գործերն արժանավոր էին  և  կրած տառապանքը  մոռացվում  էր: Հոգս էր դառնում ընտանիքի ամենափոքրը՝ Ռուզանը:

-Ետ գնա, ճամփան  դժվար  է, չես դիմանա,-  խնդրում էին մեծերը:   Բայց տեսնելով,  թե  նա   ինչ համառությամբ  է  քարշ տալիս  ծանր պայուսակն ու անզիջում  հետևում իրենց, սիրով  ու  քնքշորեն տանում  էին  նաև  նրա  բեռը՝ նկարչական  զանազան պարագաներ:

Արայիկը սիրում էր մենակ լինել ու երբեք անզբաղ չէր մնում: Վրձնին մատիտը, մատիտին վրձինն  էր փոխարինում: Նա հրաշալի կտավներ ստեղծեց,  և  ես կարծում եմ,  որ  նրան  մեծ ապագա է սպասվում:

ՀԱՄԱՅՆՔԻ  ՀՅՈՒՐԵՐԸ

-Մաեստրոն գալիս է.-  Սաթենիկն էր՝ հմայիչ ժպիտով, քնքուշ ու ամենաբարի նկարչուհին, բոլոր կենդանի արարածների պաշտպանը:  Համայնքը փոթորկվեց: Նման միահամուռ  սերը ես հետո հասկացա.  Նելլին մեծ հայրենասեր էր, հրաշալի կիթառահար ու հրաշալի կատարող: «Գրական» անունը վաստակել էր խմբավարի մասնագիտության շնորհիվ: Դասական երաշտության և Ռուբեն Հախվերդյանի մեծ երկրպագու էր: Բայց նաև…

-Էդ Ռուբոյի ձենը կտրեք,- զայրանում էր նա ,  երբ ողջ օրը Ռուբեն էին լսում: «Վտանգավորների» ցանկում առաջինն էր, վասնզի գինին երկրորդ սերն էր երաժշտությունից հետո:

Հյուրերը շատ էին  ու բազմազան,  տարբեր  մասնագիտությունների  տեր,  տարբեր  նաև  կրթությամբ և ինտելեկտով, սակայն նրանց  բոլորին մեր խոնավ,  բայց  գեղատեսիլ ձորն էր բերում սերը գեղեցիկի և գեղարվեստի դպրոցի՝ հիրավի հրաշալի  սաների   նկատմամբ;    Նշանակալից էր այն, ո ր ֆրանսահայ մեկը նկարիչներից գնեց հենց նոր  ստեղծած յոթ գործ՝ ոգևորելով բոլորին:

Կողբեցի քանդակագործ Լևոն Աբովյանը հաճախ էր լինում համայնքում և ավագ ու փորձառու ընկերոջ իր խորհուրդներով մեծապես օգնում պատանիներին:

Ոգևորությամբ ընդունվեց  նաև  Նոյեմբերյանի զինկոմիսարի  այցելությունը.  Նրա զրույցը  այնքան  հետաքրքիր էր,  որ  աղջիկներն  ափսոսացին՝ ինչու իրենք էլ չեն  կարող տղաների նման ծառայել հայրենիքին:

Արվեստի նվիրյալ պատանիները արագ կապվում ու տխրությամբ էին  բաժանվում  սիրելի հյուրերից:

Ամենասպասվածները սաների համար «Զիկատար»  պլեների եկած նկարիչներն էին, որ այդպես էլ ժամանակ  չգտան  այցելելու  ընդամենը երկու քայլի վրա գտնվող իրենց կրտսեր արվեստակիցներին:

«ԱՂԵՏՆԵՐԸ»  հետևեցին միմյանց:

Խոհարարուհի Հասմիկի շնիկին՝ Կիկոյին, տրորել էր Կորյունը,  բայց մահամերձ շնիկին Սաթենիկը  օգնության հասավ: Մի քանի օր տևած նրա ջանքերի շնորհիվ Կիկոն ոչ միայն առողջացավ, այլ դարձավ երեսառածի մեկը:

Կիկոյի փրկությունից մի քանի օր անց անզգուշաբար բաց թողնված վանդակադռնից դուրս թռավ Ազա թութակը: «Տերմինատոր» Դավիթը սրընթաց ու ճարպկորեն  ծառից ծառ, ճյուղից ճյուղ էր մագլցում թութակի հետևից, բայց Ազան այդպես էլ չբռնվեց՝ արցունքի հեղեղներ հոսեցնելով Ռուզանիկի աչքերից:

Հաջորդ աղետը ողջ գիշեր  տեղացած  վարար  անձրևն էր, որ  մի  լավ  խոնավացրել  ու  մի  լավ  թրջել էր  մի  քանիսիս: Փրկարար  խարույկի շուրջ փռված անկողինները շուտով  չորացան:

ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԸ

Առաջինը քանդակագործ Արթուրինն էր: Գետակի մյուս ափին տեղադրված էր երկար սեղան՝ ծածկով:  Արթուրից քանդակի և դրվագման դասեր էին առնում Կորյունը, Նարեկը, Ստեփանը, անգամ աղջիկներից մի քանիսը: Ամենաընդունակ  աշակերտը  Կորյունն էր, որը  քարից մի գեղազարդ շատրվան պատրաստեց՝  նվեր հարազատ  դպրոցին:

Արթուրը  մեծ վարպետությամբ հուշարձան-խաչքար  էր  քանդակում ու գծանկարի հեղինակը ՀՀ վաստակավոր գծանկարիչ Հենրիկ Մամյանն էր:

Մյուս արվեստանոցը Հռիփսիմեինն էր: Հաճախ ոտնձգությունների էր ենթարկվում: Շա˜տ հրապուրիչ անկյուն էր: Սակայն, չնայած աղմկոտ «հյուրերին»,  ծիծաղկոտ աղջիկն անխոնջ  աշխատում էր՝ ստեղծելով իր երփներանգ աշխարհը:

ՎԱՐԴԱՎԱՌ

Նման ցնծությունն արժեր տեսնել: Այդքան տարբեր տարիքների  մարդիկ՝ ԲՈւՀ-երի  շրջանավարտներ, ուսուցիչներ, ուսանողներ ու դպրոցական սաներ միասին ու համանման ճչում ու ցատկոտում էին միմյանց ոտից գլուխ թրջելով: Գործի էին դրվել դույլերը, թասերը, բաժակները, ամենը, ինչով հնարավոր էր ջրողող  անել:  Հետո ցնծացող խմբերը թռան գետը. այստեղ արդեն ջրվելուց փրկություն հաստատ չկար:

Օրը շատ էլ  պայծռ չէր  և  վառարանին  դրվեց  ջրով  լի  կաթսան: Տաք ջուրն ու չոր հագուստը  ուշքի բերեցին թրջվածներին և սկսվեց  էլ  ավելի մեծ ուրախություն՝  երգերով  ու պարերով:

ԸՆԿԵՐ ԿԱՐՈՆ ՝ ԿԱՐԱՊԵՏ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆԸ

Այս եզակի ընկերության, այս դպրոցի հիմնադիրը, հոգեհայրը, տերը, ծառան, ընկերը  գալիս էր ամեն օր, կեսօրին՝ թարմ մթերքներ բերելով և մնում մինչև կեսգիշեր:

Մատակարարման հարցերով օգնականը Գևորգն էր իր ամենագնաց վիլիսով,  ով  նաև  տղաների հետ խարույկի  կոճղերն էր ապահովում:

Կարոն երբեք  պարապ  չէր  մնում և ամեն անգամ  նրա կատարած  բարենորոգումները նոր ու  հարմարավետ էին դարձնում շրջակայքը, առօրյան:  Գետակի մեր  բաժինը դարձավ հարմար լողավազան:   Մաս-մաքուր էր շրջակայքը և մի ծաղիկ անգամ չէր պոկվում, չէր  տրորվում:   Որ աղբյուրի մոտ էլ գնային Կարոյի սաները, անմիջապես մաքրում ու կարգի էին բերում «բնասերների» թողած «սիրուն» հետքերը,  ներկա լիներ ուսուցիչը  թե ոչ:  Կար դաստիարակությունը և դպրոցի «կնիքը» բոլոր սաների վրա.
Համերաշխ, սիրով լի միմյանց հանդեպ, պատրաստ օգնության հասնելու:

Նա   զննում էր պատկերասրահի նկարները և հեղինակներին մոտ կանչելով՝ կարծիքներ հայտնում: Ավելորդ է ասել, թե ինչ էր նշանակում նրա կարծիքը նախկին և ներկա սաների համար:

Ամենամեծ ուշադրությունը գրավում էին նրանք, ովքեր պատրաստվում էին բնից թռչել դեպի խոստումնալից ապագա: Այդպիսի սաներից էր Թեհմինեն՝աշխատասեր, ինտելեկտուալ, գեղեցիկի անսովոր զգացողությամբ: Նա պատրաստվում էր հաջորդ տարի քննություններ հանձնել Գեղարվեստի ակադեմիայում:

ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Մոտ տասներեք տարի առաջ իր զավակների՝ Արայիկի և Սաթենիկի մեջ նկատելով նկարելու ակնհայտ ձիրքը, Կարոն որոշեց լրջորեն զբաղվել նրանց հետ: Հետո նրանց միացան ոչ պակաս շնորհալի ուրիշ երեխաներ: Կողբի մշակույթի կենտրոնում մի փոքրիկ դասարան հատկացվեց փոքրիկ նկարիչներին: Գեղարվեստի դպրոցը այժմ ունի տարբեր տարիքային խմբերի 40 սան՝ 7-8 համայնքներից: Այս պահին դպրոցի 72 շրջանավարտ բարձրագույն նկարչական կրթություն է ստանում հանրապետության   տարբեր բուհերում: Կողբի գեղարվեստի դպրոցում ուսուցման արվեստանոցային պայմանների հետ խիստ կարևորվում է պլեներային ՝բնության մեջ ստեղծագործելու գործընթացը:  Ահա ինչու արդեն  ութ տարի վրանային միամսյա կյանքը, բացի հետաքրքիր ու դաստիարակիչ լինելուց (անմիջական շփում, համակեցություն, փոխլրացում, ազատ մտածողություն, ազատագրում բարդույթներից), իր սաներին հաճույքով հանձնում է արվեստի ու բնության կախարդիչ աշխարհին:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ- մշտական չեն՝ գյուղապետարանը, ծնողները, երբեմն՝ արվեստասեր անհատներ: Արդեն երկրորդ տարին՝ հարյուր հազարական դրամ է հատկացրել պատգամավոր Միքայել Վարդանյանը: Խիստ տեղին կլիներ համակարգված օգնությունը, բայց… Կարապետ Ղուլիջանյանը  անձնվիրաբար հաղթահարում է դժվարությունները՝ հանուն իր սաների ապագայի, Այնքան եզակի է Կարոյի նվիրումը, որ ոմանք դրա մեջ շահ են փնտրում, սակայն դա նման է հսկա դեզի մեջ չեղած ասեղը փնտրելուն:

ԵՎ  ՎԵՐՋՈՒՄ,    իհարկե,   գալիս  է  նույնիսկ ամենալավ բաների ավարտը: Իրենց սիրելի ուսուցչի հանձնարարությամբ, նրա հետ պայմանավորված ժամին վրանները և քնապարկերը հավաքված էին, ճամբարատեղը՝ մաքուր, ճամպրուկները՝ պատրաստ: Հուզված և արցունքոտ էին բոլորը, չնայած միշտ  էլ հանդիպել ու հանդիպելու էին հարազատ օջախում:  «Վրանային» կյանքը մնաց հետևում:   Արդեն մարող խարույկի մոտ նստել էր Կիկոն և տխուր  ու մտազբաղ հետևում էր անցուդարձին: Խե˜ղճ Կիկո:

Համայնքը շնորհակալ էր կողբեցի գործարար Սերյոժա Ազատյանին` այս գեղատեսիլ վայրը տրամադրելու համար:

Ռ. Նասիբյան

արվեստի նոր գործեր

  • K. Ghulijanyan (5).jpg K. Ghulijanyan (4).jpg
  • K. Ghulijanyan (3).jpg K. Ghulijanyan (2).jpg
  • K. Ghulijanyan (1).jpg Karapet Ghulijanyan

նայեք բոլորը | շարունակություն »