Կարմիր վրանները համատարած կանաչ համայնապատկերին մի քիչ տարօրինակ տպավորություն էին թողնում, բայց քիչ հետո այդ ամենը դարձավ սովորական:
Փոքրիկ բնակավայրը բնակիչներին սպասում էր իր «կենտրոնական» փողոցով, մյուս թաղամասը տանող «կամրջակով», բացօթյա ճաշարանով, բաղնիքով, խոհանոցով և այլ անհրաժեշտություններով:
Աղջամուղջին բոցավառվեց խարույկը, որի շուրջ դրված նստարաններին տեղավորվեցին տարբեր տարիքների երեխաներն ու պատանիները:
-Ես էն երկրի հողին մեռնեմ…
Ռուբենի հրաշալի ձայնով սկսվեց խարույկների սեզոնը և ավարտվեց առաջին օրը:
ԱՇԽԱՏԱՆՔԸ
Բոլորդ էտյուդներ անելու եք գնում,-հիշեցնում է Աննան, ում ամենատես աչքից ոչինչ չի վրիպում:
Նա կարգ ու կանոնի սահմանողն էր, աչալուրջ հետևողն ու պահպանողը: Դիտողությունն էլ ժպիտով ու ցածրաձայն էր անում և դա չէր խանգարում, որ նրա կարգադրությունները կատարվեն արագ և ճշգրիտ: Աննայի կտավները իր նման լուսավոր են:
Նույնքան լուսավոր ու լավն են Արուսյակի կտավները: Նրա նկարներով հիանում են, նրանից սովորում են, միակ դժգոհն ինքն է: Կարծում էր, որ պիտի ավելին աներ:
Նախաճաշից հետո բոլոր նկարիչները՝ հանրապետության տարբեր բուհերի գեղարվեստի բաժինների շրջանավարտներ և ուսանողներ, նաև՝ գեղեցիկի աշխարհը նոր ոտք դնողներ, բոլորն էլ Կողբի գեղարվեստի դպրոցի նախկին և ներկա սաներ, ցրվեցին գեղանկար անելու բնության տարբեր անկյուններում: Խոխոջուն ու մաքրաջուր գետակի մյուս ափին լճակներն էին ձկներով, լճափի ծաղկունքով ու ջրում արտացոլվող սլացիկ ծառերով:
Օրեր հետո այդ ամենը հայտնվեց վարպետորեն կատարված կտավներում: Ու թե լճակներն իրենց շրջակայքով նկարչագեղ վայրեր էին՝ ապա ավագ Ռուբենի համար ձկնորսական բախտի համբերության փորձաքարն էին:
Ռուբենը շատ քիչ էր նկարում, և ընկերները, իսկ ավելի շատ ընկեր Կարոն, շատ էին ափսոսում դրա համար: Տղան տաղանդավոր էր երկու արվեստում էլ՝ նկարելու և երգելու: Ընդունվել էր Երևանի պետական համալսարանի կիրառական արվեստի բաժին, բայց վճարը մուծել չկարողանալու պատճառով թողել էր համալսարանը:
Սիրված շատ երգերի հետ ամենօրյա, «սեղանի» երգերն էին «Ես էն երկրի…» և «Գինի լից»-ը՝ Թեհլերյանի սխրանքը գովաբանող երգը:
Երկինք միտող խարույկի բոցեղեն լեզվակների նման բոցեղեն՝ այս երգերը կատարվում էին խրոխտաբար, մեծագույն սիրով ու հպարտությամբ: Թե կային «սեղանի» երգեր, կային և «սեղանի» պարեր՝ «Յարխուշտա» և «Քոչարի»:
-Գնացինք, աշխույժ, հպարտ, գլուխներդ բարձր,- Արուսյակի ձայնը, ճեղքելով երաժշտությունը, հասնում է պարողներին: Սիրված պարերը նոր թափ են առնում: Զվարճությունը, սակայն, նաև հոգնությունը թոթափելու միջոց էր:
Զարմանալի էր ուղղակի. թե Արուսյակի , Սաթենիկի, Ալինայի և մյուսների նման փխրուն աղջիկներն ինչպես էին անտրտունջ տանում իրենց ծանր բեռը: Հեռուներից վերադառնում էին հոգնած, սակայն երջանիկ: Կատարած գործերն արժանավոր էին և կրած տառապանքը մոռացվում էր: Հոգս էր դառնում ընտանիքի ամենափոքրը՝ Ռուզանը:
-Ետ գնա, ճամփան դժվար է, չես դիմանա,- խնդրում էին մեծերը: Բայց տեսնելով, թե նա ինչ համառությամբ է քարշ տալիս ծանր պայուսակն ու անզիջում հետևում իրենց, սիրով ու քնքշորեն տանում էին նաև նրա բեռը՝ նկարչական զանազան պարագաներ:
Արայիկը սիրում էր մենակ լինել ու երբեք անզբաղ չէր մնում: Վրձնին մատիտը, մատիտին վրձինն էր փոխարինում: Նա հրաշալի կտավներ ստեղծեց, և ես կարծում եմ, որ նրան մեծ ապագա է սպասվում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՀՅՈՒՐԵՐԸ
-Մաեստրոն գալիս է.- Սաթենիկն էր՝ հմայիչ ժպիտով, քնքուշ ու ամենաբարի նկարչուհին, բոլոր կենդանի արարածների պաշտպանը: Համայնքը փոթորկվեց: Նման միահամուռ սերը ես հետո հասկացա. Նելլին մեծ հայրենասեր էր, հրաշալի կիթառահար ու հրաշալի կատարող: «Գրական» անունը վաստակել էր խմբավարի մասնագիտության շնորհիվ: Դասական երաշտության և Ռուբեն Հախվերդյանի մեծ երկրպագու էր: Բայց նաև…
-Էդ Ռուբոյի ձենը կտրեք,- զայրանում էր նա , երբ ողջ օրը Ռուբեն էին լսում: «Վտանգավորների» ցանկում առաջինն էր, վասնզի գինին երկրորդ սերն էր երաժշտությունից հետո:
Հյուրերը շատ էին ու բազմազան, տարբեր մասնագիտությունների տեր, տարբեր նաև կրթությամբ և ինտելեկտով, սակայն նրանց բոլորին մեր խոնավ, բայց գեղատեսիլ ձորն էր բերում սերը գեղեցիկի և գեղարվեստի դպրոցի՝ հիրավի հրաշալի սաների նկատմամբ; Նշանակալից էր այն, ո ր ֆրանսահայ մեկը նկարիչներից գնեց հենց նոր ստեղծած յոթ գործ՝ ոգևորելով բոլորին:
Կողբեցի քանդակագործ Լևոն Աբովյանը հաճախ էր լինում համայնքում և ավագ ու փորձառու ընկերոջ իր խորհուրդներով մեծապես օգնում պատանիներին:
Ոգևորությամբ ընդունվեց նաև Նոյեմբերյանի զինկոմիսարի այցելությունը. Նրա զրույցը այնքան հետաքրքիր էր, որ աղջիկներն ափսոսացին՝ ինչու իրենք էլ չեն կարող տղաների նման ծառայել հայրենիքին:
Արվեստի նվիրյալ պատանիները արագ կապվում ու տխրությամբ էին բաժանվում սիրելի հյուրերից:
Ամենասպասվածները սաների համար «Զիկատար» պլեների եկած նկարիչներն էին, որ այդպես էլ ժամանակ չգտան այցելելու ընդամենը երկու քայլի վրա գտնվող իրենց կրտսեր արվեստակիցներին:
«ԱՂԵՏՆԵՐԸ» հետևեցին միմյանց:
Խոհարարուհի Հասմիկի շնիկին՝ Կիկոյին, տրորել էր Կորյունը, բայց մահամերձ շնիկին Սաթենիկը օգնության հասավ: Մի քանի օր տևած նրա ջանքերի շնորհիվ Կիկոն ոչ միայն առողջացավ, այլ դարձավ երեսառածի մեկը:
Կիկոյի փրկությունից մի քանի օր անց անզգուշաբար բաց թողնված վանդակադռնից դուրս թռավ Ազա թութակը: «Տերմինատոր» Դավիթը սրընթաց ու ճարպկորեն ծառից ծառ, ճյուղից ճյուղ էր մագլցում թութակի հետևից, բայց Ազան այդպես էլ չբռնվեց՝ արցունքի հեղեղներ հոսեցնելով Ռուզանիկի աչքերից:
Հաջորդ աղետը ողջ գիշեր տեղացած վարար անձրևն էր, որ մի լավ խոնավացրել ու մի լավ թրջել էր մի քանիսիս: Փրկարար խարույկի շուրջ փռված անկողինները շուտով չորացան:
ԱՐՎԵՍՏԱՆՈՑՆԵՐԸ
Առաջինը քանդակագործ Արթուրինն էր: Գետակի մյուս ափին տեղադրված էր երկար սեղան՝ ծածկով: Արթուրից քանդակի և դրվագման դասեր էին առնում Կորյունը, Նարեկը, Ստեփանը, անգամ աղջիկներից մի քանիսը: Ամենաընդունակ աշակերտը Կորյունն էր, որը քարից մի գեղազարդ շատրվան պատրաստեց՝ նվեր հարազատ դպրոցին:
Արթուրը մեծ վարպետությամբ հուշարձան-խաչքար էր քանդակում ու գծանկարի հեղինակը ՀՀ վաստակավոր գծանկարիչ Հենրիկ Մամյանն էր:
Մյուս արվեստանոցը Հռիփսիմեինն էր: Հաճախ ոտնձգությունների էր ենթարկվում: Շա˜տ հրապուրիչ անկյուն էր: Սակայն, չնայած աղմկոտ «հյուրերին», ծիծաղկոտ աղջիկն անխոնջ աշխատում էր՝ ստեղծելով իր երփներանգ աշխարհը:
ՎԱՐԴԱՎԱՌ
Նման ցնծությունն արժեր տեսնել: Այդքան տարբեր տարիքների մարդիկ՝ ԲՈւՀ-երի շրջանավարտներ, ուսուցիչներ, ուսանողներ ու դպրոցական սաներ միասին ու համանման ճչում ու ցատկոտում էին միմյանց ոտից գլուխ թրջելով: Գործի էին դրվել դույլերը, թասերը, բաժակները, ամենը, ինչով հնարավոր էր ջրողող անել: Հետո ցնծացող խմբերը թռան գետը. այստեղ արդեն ջրվելուց փրկություն հաստատ չկար:
Օրը շատ էլ պայծռ չէր և վառարանին դրվեց ջրով լի կաթսան: Տաք ջուրն ու չոր հագուստը ուշքի բերեցին թրջվածներին և սկսվեց էլ ավելի մեծ ուրախություն՝ երգերով ու պարերով:
ԸՆԿԵՐ ԿԱՐՈՆ ՝ ԿԱՐԱՊԵՏ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆԸ
Այս եզակի ընկերության, այս դպրոցի հիմնադիրը, հոգեհայրը, տերը, ծառան, ընկերը գալիս էր ամեն օր, կեսօրին՝ թարմ մթերքներ բերելով և մնում մինչև կեսգիշեր:
Մատակարարման հարցերով օգնականը Գևորգն էր իր ամենագնաց վիլիսով, ով նաև տղաների հետ խարույկի կոճղերն էր ապահովում:
Կարոն երբեք պարապ չէր մնում և ամեն անգամ նրա կատարած բարենորոգումները նոր ու հարմարավետ էին դարձնում շրջակայքը, առօրյան: Գետակի մեր բաժինը դարձավ հարմար լողավազան: Մաս-մաքուր էր շրջակայքը և մի ծաղիկ անգամ չէր պոկվում, չէր տրորվում: Որ աղբյուրի մոտ էլ գնային Կարոյի սաները, անմիջապես մաքրում ու կարգի էին բերում «բնասերների» թողած «սիրուն» հետքերը, ներկա լիներ ուսուցիչը թե ոչ: Կար դաստիարակությունը և դպրոցի «կնիքը» բոլոր սաների վրա.
Համերաշխ, սիրով լի միմյանց հանդեպ, պատրաստ օգնության հասնելու:
Նա զննում էր պատկերասրահի նկարները և հեղինակներին մոտ կանչելով՝ կարծիքներ հայտնում: Ավելորդ է ասել, թե ինչ էր նշանակում նրա կարծիքը նախկին և ներկա սաների համար:
Ամենամեծ ուշադրությունը գրավում էին նրանք, ովքեր պատրաստվում էին բնից թռչել դեպի խոստումնալից ապագա: Այդպիսի սաներից էր Թեհմինեն՝աշխատասեր, ինտելեկտուալ, գեղեցիկի անսովոր զգացողությամբ: Նա պատրաստվում էր հաջորդ տարի քննություններ հանձնել Գեղարվեստի ակադեմիայում:
ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Մոտ տասներեք տարի առաջ իր զավակների՝ Արայիկի և Սաթենիկի մեջ նկատելով նկարելու ակնհայտ ձիրքը, Կարոն որոշեց լրջորեն զբաղվել նրանց հետ: Հետո նրանց միացան ոչ պակաս շնորհալի ուրիշ երեխաներ: Կողբի մշակույթի կենտրոնում մի փոքրիկ դասարան հատկացվեց փոքրիկ նկարիչներին: Գեղարվեստի դպրոցը այժմ ունի տարբեր տարիքային խմբերի 40 սան՝ 7-8 համայնքներից: Այս պահին դպրոցի 72 շրջանավարտ բարձրագույն նկարչական կրթություն է ստանում հանրապետության տարբեր բուհերում: Կողբի գեղարվեստի դպրոցում ուսուցման արվեստանոցային պայմանների հետ խիստ կարևորվում է պլեներային ՝բնության մեջ ստեղծագործելու գործընթացը: Ահա ինչու արդեն ութ տարի վրանային միամսյա կյանքը, բացի հետաքրքիր ու դաստիարակիչ լինելուց (անմիջական շփում, համակեցություն, փոխլրացում, ազատ մտածողություն, ազատագրում բարդույթներից), իր սաներին հաճույքով հանձնում է արվեստի ու բնության կախարդիչ աշխարհին:
ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ- մշտական չեն՝ գյուղապետարանը, ծնողները, երբեմն՝ արվեստասեր անհատներ: Արդեն երկրորդ տարին՝ հարյուր հազարական դրամ է հատկացրել պատգամավոր Միքայել Վարդանյանը: Խիստ տեղին կլիներ համակարգված օգնությունը, բայց… Կարապետ Ղուլիջանյանը անձնվիրաբար հաղթահարում է դժվարությունները՝ հանուն իր սաների ապագայի, Այնքան եզակի է Կարոյի նվիրումը, որ ոմանք դրա մեջ շահ են փնտրում, սակայն դա նման է հսկա դեզի մեջ չեղած ասեղը փնտրելուն:
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ, իհարկե, գալիս է նույնիսկ ամենալավ բաների ավարտը: Իրենց սիրելի ուսուցչի հանձնարարությամբ, նրա հետ պայմանավորված ժամին վրանները և քնապարկերը հավաքված էին, ճամբարատեղը՝ մաքուր, ճամպրուկները՝ պատրաստ: Հուզված և արցունքոտ էին բոլորը, չնայած միշտ էլ հանդիպել ու հանդիպելու էին հարազատ օջախում: «Վրանային» կյանքը մնաց հետևում: Արդեն մարող խարույկի մոտ նստել էր Կիկոն և տխուր ու մտազբաղ հետևում էր անցուդարձին: Խե˜ղճ Կիկո:
Համայնքը շնորհակալ էր կողբեցի գործարար Սերյոժա Ազատյանին` այս գեղատեսիլ վայրը տրամադրելու համար: