ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նպաստենք զբոսաշրջության զարգացմանը Կողբում (Posted on 07/04/12)

 

       Հունիսի 30-ին Կողբ գյուղի Զիկատար գիտահետազոտական կենտրոնում կայացավ Վայրի բնության հիմնադրամի կողմից կազմակերպված բնապահպանական սեմինար, որին մասնակցում էին Կողբի գեղարվեստի դպրոցի աշակերտները և ուսուցիչները: Սեմինարը Վայրի բնության հիմնադրամի կողմից մշակված ծրագրի եզրափակիչ մասն էր: Սեմինարի ընթացքում Վայրի բնության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատասխանատու, ծրագրերի համակարգող Գեռա Ոսկանյանը մասնակիցներին ծանոթացրեց ծրագրի մանրամասներին և պատասխանեց նրանց հետաքրքրող բոլոր հարցերին: Ապա Սիլվա Ադամյանը և Թամարա Ստեփանյանը կարճ դասախոսություն կարդացին   «Ի՞նչ է անտառը և ի՞նչ նշանակություն ունի»  թեմայով:

   Որպես եզրափակիչ մաս՝ սեմինարից բացի, ծրագիրն իր մեջ ընդգրկում էր նաև մաքրման աշխատանքներ, որոնց նպատակն էր բնության հատուկ պահպանվող տարածքներում, տվյալ դեպքում՝ Զիկատար գիտահետազոտական կենտրոնում, Կողբ-Զիկատար ճանապարհահատվածի շրջակա աղբյուրներում, հանգստյան գոտիներում մաքրման աշխատանքների իրականացումը և էկոլոգիական բարեկարգ վիճակի ապահովումը:

    Ընդհանուր ծրագիրը տարբեր գործողություններով սկսել է իրականացվել դեռևս 2010 թ.-ից, և հիմնական նպատակն է պահպանել Հայաստանի անտառներն անխնա շահագործումից և աղտոտումից: Այդ նպատակով կազմակերպիչների կողմից առաջարկվում են անտառի շահագործման այնպիսի այլընտրանքային եղանակներ, որոնք ոչ միայն անտառին վնաս չեն պատճառի, այլև կնպաստեն նրա կենսաբազմազանության զարգացմանը, հարակից համայնքների բնակչության կյանքի բարելավմանն ու աշխուժացմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են երկու պիլոտային (փորձնական) ծրագրեր Կողբ և Դսեղ համայնքներում: Պիլոտային ծրագրերի նպատակն է այլընտրանքային եկամտի աղբյուրների ստեղծումը Հայաստանի անտառածածկ տարածքների հարակից վայրերում էկոտուրիզմի զարգացման և պտուղ-հատապտուղների հավաքման միջոցով:

  Այդ նպատակով Նոյեմբերյանի անտառտնտեսության գրասենյակի մոտ բացվել է պտուղ- հատապտուղների ընդունման կետ, որն իր աշխատանքները կսկսի սեզոնի բացման հետ: Իսկ Կողբ համայնքում էկոտուրիզմի զարգացման համար մշակվել է զբոսաշրջային ծրագիր: Զիկատարում հիմնվել է «Այցելուների կենտրոն», ուր զբոսաշրջիկների համար գիշերակացի և ժամանցի հնարավորություններ կան: Նրանց կտրամադրվեն քնապարկեր, վրաններ, խաղային հարմարություններ: Կողբ-Զիկատար ճանապարահատվածի վրա տեղադրվել են ուղղորդող ցուցանակներ, իսկ հարակից աղբյուրնեում՝ աղբարկղեր: Նախագծի վերաբերյալ իրենց գոհունակությունը հայտնեցին Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչները՝ նշելով, որ այն իր բարերար ազդեցությունը կունենա նաև դպրոցի գործունեության վրա: Իսկ մասնակից աշակերտների կազմակերպած վոլեյբոլի և ֆուտբոլի մրցույթը հետաքրքիր կերպով եզրափակեց միջոցառումը: 

         Էկոտուրիզմի զարգացումը, անշուշտ, բարերար ազդեցություն կունենա Կողբ համայնքի սոցիալական կյանքի բարելավման գործում և կխթանի բնության պահպանմանը: Ծրագրերի իրականացման դեպքում կփոխվի գյուղի դիմագիծը, գյուղական կյանքի միապաղաղությունը: Արդյունավետության հասնելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և համապատասխան ծառայություններ մատուցելու համար բարենպաստ պայմաններ: Կարևոր և անհրաժեշտ է գյուղի բնակչության իրազեկված լինելը և ակտիվ ներագրավվածությունը ծրագրի իրականացմանը: Գյուղացին առաջինը ինքը պիտի շահագրգռված լինի շրջակա միջավայրի պահպանության գործում, քանզի մեր գողտրիկ բնությունը կարող է նրա համար դառնալ նաև եկամտի աղբյուր: Փորձը ցույց է տալիս, որ թեև հայ ազգը գնահատում է բնությունը և նախընտրում իր հանգիստը բնության գրկում անցկացնել, սակայն անփույթ և երբեմն էլ անտարբեր է վերաբերվում նույն այդ բնությանը: Այսպիսով, այս ծրագրով որոշակիորեն կարգավորվում են համայնքային մի շարք խնդիրներ.

 լուծվում է գործազրկության խնդիրը. հնարավորություն է տրվում գյուղացիներին սկսել իրենց անհատական գործարարական գործունեությունը,

 կանխում է գյուղացի երիտասարդների միգրացիան դեպի մայրաքաղաք. բացվում են նոր աշխատատեղեր, որի շնորհիվ երիտասարդները կարող են աշխատանք գտնել իրենց ծննդավայրում,

 նպաստում է բնության պահպանությանը և բնակչության շրջանում բնության հանդեպ խնամքով վերաբերվելու մշակույթի ձևավորմանը:

Սյունե Բարսեղյան