ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԷՋԾ (Posted on 09/02/15)

   Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը (ՄԷՋԾ) համայնքային միջոցառում անցկացրեց Տավուշի մարզի Կողբ գյուղում՝ տեղի արվեստի դպրոցում իրականացված էներգաարդյունավետության ծրագրի ավարտը նշելու նպատակով: 

  Կողբից և հարևան հինգ համայնքներից՝ Դովեղ, Այրում, Նոյեմբերյան, Բերդավան և Բաղանիս, արվեստի դպրոց հաճախում է մոտ 60 երեխա, որտեղ նրանք կատարելագործում են իրենց գեղարվեստական հմտությունները և հաճախում հայտնի հայ նկարիչների վարպետության դասերին: Նախքան ծրագիրն իրականացնելը, դպրոցը ջեռուցման նպատակով տարեկան օգտագործում էր մոտ 25 մ3 փայտ, բայցևայնպես, ջերմությունը բավարար չէր դասերն անցկացնելու համար: Դպրոցի ջեռուցման կարիքները լուծելու նպատակով ՄԷՋԾ-ն վերանորոգեց և ջերմամեկուսացրեց ձեղնահարկը, տեղադրեց բարձր արդյունավետությամբ օդատաքացուցիչներ: Կատարված բարելավումների շնորհիվ դպրոցն այժմ կկարողանա գործել ամբողջ տարին` հոսանքի ծախսերի նշանակալի խնայողությամբ: Վերանորոգված տարածքը նաև կօգտագործվի դասերի, ցուցահանդեսների և ուսումնական այլ միջոցառումների անցկացման նպատակով: Էներգիայի արդյունավետ օգտագործման և խնայողությունների ապահովման առումով տվյալ ծրագիրը բնապահպանական տեսանկյունից ավելի անվտանգ մոտեցումների կիրառման օրինակ է ծառայում նաև մյուս համայնքների համար: 

 Կողբի գեղարվեստի դպրոցի տնօրեն Կարապետ Ղուլիջանյանի խոսքը դպրոցի նոր հարկաբաժնի պաշտոնական բացմանը նվիրված ընդունելությանը. 

Հարգարժան հյուրեր, Կողբի գեղարվեստի դպրոցի սիրելի բարեկամներ, տիկնայք և պարոնայք.

Ուրախ եմ` այսօր ողջունելու ձեզ բոլորիդ Կողբի գեղարվեստի դպրոցի նոր հարկաբաժնի պաշտոնական բացմանը նվիրված միջոցառմանը: Սա իրականություն դարձնելու համար Դպրոցի անունից մեր անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` USAID-ի հայաստանյան առաքելությանը` Դպրոցում էներգաարդյունավետության և ջերմամեկուսացման ծրագրի տեխնիկական աջակցության, խորհրդատվության և ֆինանսավորման համար, և Վորլդ Վիժնի հայաստանյան առաքելությանը` Դպրոցի կահավորմանը, տեխնիկայի և անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը աջակցություն ցուցաբերելու համար:

Սա հնարավոր է դարձել նաև Դպրոցի կողմից իրականացված ֆինանսավորման, նրա անձնակազմի կատարած աշխատանքի, ինչպես նաև` Դպրոցի բարեկամների ցուցաբերած աջակցության շնորհիվ:

Սահմանամերձ համայնքներում մեծ է մշակութային կառույցների առկայության նշանակությունը: Հուսով ենք, որ տարիների ընթացքում Կողբի գեղարվեստի դպրոցը իր գործունեությամբ ապացուցել է դա: Մենք այսքանով չենք բավարարվելու, մենք շարունակելու ենք շարժվել առաջ` օգտագործելու բոլոր հնարավորությունները` մեր սաների համար ապահովելու որակյալ կրթություն:

USAID-ի հետ սա մեր առաջին համագործակցությունն էր, որը, հուսով եմ, կլինի շարունակական:

Շնորհավորում եմ բոլորիս այս իրադարձության առթիվ և կրկին շնորհակալություն հայտնում մեր բոլոր աջակիցներին:

Շնորհակալություն: